Իվան Ռակիտիչը ավարտում է կարիերան։ Խորվաթը 2024/25 մրցաշրջանն անցկացրեց «Հայդուկում», որից հետո պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
37-ամյա Ռակիտիչը երկրպագուներին առավել ծանոթ է իր ելույթներով իսպանական Լա Լիգայում՝ «Սևիլիայի» և հատկապես «Բարսելոնայի» կազմում անցկացրած տարիներից։
Կատալոնական ակումբում Ռակիտիչը դարձավ Իսպանիայի քառակի չեմպիոն, նվաճեց Գավաթը և 2014/15 մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների լիգայում։ Իսկ «Սևիլիայի» հետ երկու անգամ բարձրացրեց Եվրոպա լիգայի գավաթը։
Լա Լիգայում նա անցկացրել է 438 հանդիպում, ինչը նրան դարձնում է մրցաշարում ամենաշատ խաղացած օտարերկրացի ֆուտբոլիստներից մեկը․ Ռակիտիչը այդ ցուցանիշով հինգերորդ տեղում է։