Իտալական «Ատալանտայի» և Նիգերիայի ընտրանու հարձակվող Ադեմոլա Լուկմանը դարձել է «Բարսելոնայի» ամառային տրանսֆերային արշավի առաջնային նպատակը, հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել Լուկմանի պայմանագրի հրաժարագինը, որը կազմում է 50 միլիոն եվրո։ Նիգերիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Տրանսֆերի շուրջ նախնական բանակցություններն արդեն սկսվել են։
27-ամյա Լուկմանը Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում խփել է 13 գոլ։ Տարվա առաջին կեսում նա մրցաշարի լավագույն ռմբարկուներից մեկն էր, սակայն վերջին վեց տուրերում աչքի չի ընկել։ Դեկտեմբերին Լուկմանը ճանաչվել է Աֆրիկայի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ։