Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մադրիդի «Ռեալի» որոշմանը բոյկոտել Իսպանիայի գավաթի եզրափակիչին նախորդող մի շարք միջոցառումներ։
«Ֆուտբոլային ակումբ «Ռեալ Մադրիդը» տեղեկացրել է ֆեդերացիային, որ չի մասնակցելու այսօր նախատեսված մամուլի ասուլիսին ու պաշտոնական մարզմանը՝ նախքան Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը», – նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե «Ռեալը» կարող է նույնիսկ հրաժարվել մասնակցել եզրափակչին, որը կայանալու է «Բարսելոնայի» դեմ։ Պատճառը՝ ֆեդերացիայի մերժումն էր՝ փոխարինել եզրափակիչի համար նշանակված մրցավարին։
Հիշեցնենք, որ եզրափակիչը ապասարկելու է Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, որը մամուլի ասուլիսի ժամանակ արտասվել էր՝ ի պատասխան մադրիդյան ակումբի խիստ քննադատության։