«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը ապրիլի 26-ին «Բարսելոնայի» դեմ Կոպա դել Ռեյի եզրափակիչից հետո։ Այս մասին վստահեցնում է Sky Sports-ը։
Իտալացի մասնագետի ապագան կասկածի տակ է հայտնվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Արսենալից» կրած խոշոր պարտությունից հետո (1:5)։
«Եթե ակումբը որոշի փոխարինել ինձ, կընդունեմ։ Երբ ավարտեմ այստեղ, շնորհակալությամբ կհեռանամ»,- ասել է Անչելոտին։
Անչելոտին դիտարկվում է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Բրազիլիան ցանկանում է նրա նշանակումն իրականացնել մինչև 2026 թ․ Աշխարհի գավաթի որակավորման խաղերը։ Հավաքականը ներկայումս մարզիչ չունի՝ մարտին Արգենտինայից 1:4 հաշվով պարտվելուց հետո։
«Ռեալը» Լա Լիգայում երկրորդն է՝ 4 միավորով հետ մնալով «Բարսելոնայից»։ Ըստ աղբյուրների՝ Անչելոտին չի մնա մինչև մայիսի 11-ի «Էլ Կլասիկոն»։ Նրա հեռանալու դեպքում քննարկվում են Խաբի Ալոնսոյի («Բայեր Լևերկուզեն») և Յուրգեն Կլոպի թեկնածությունները։ «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հույս է հայտնել, որ Անչելոտին կմնա։
2021 թ․-ից ի վեր Անչելոտին «Ռեալի» հետ նվաճել է 11 տիտղոս, այդ թվում՝ 2 Լա Լիգա, 2 Չեմպիոնների լիգա և Աշխարհի ակումբային գավաթ։