Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեշը ազդրի հետին մկանների վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել թիմին 2024/25 մրցաշրջանի մնացած հանդիպումներում։
Գաբրիելը վնասվածք է ստացել երեքշաբթի՝ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղի ընթացքում։ Բրազիլացին ստիպված էր լքել խաղադաշտը 16-րդ րոպեին։
«Երեքշաբթի օրը «Ֆուլհեմի» դեմ խաղում փոխարինվելուց հետո մենք կարող ենք հաստատել, որ Գաբրիել Մագալյաեշը ստացել է ազդրի մկանների վնասվածք, որը պահանջում է վիրահատական միջամտություն։
Գաբին առաջիկա օրերին կենթարկվի ազդրի մկանների վիրահատական վերականգնման ընթացակարգի և անմիջապես կսկսի իր վերականգնման ու ռեաբիլիտացիոն ծրագիրը՝ նպատակ ունենալով պատրաստ լինել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։
Ակումբի ամբողջ անձնակազմը լիովին կենտրոնացած է Գաբիին աջակցելու վրա՝ ապահովելու համար, որ նա հնարավորինս արագ վերադառնա լիարժեք մարզավիճակին»,- գրված է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում։
Ընթացիկ մրցաշրջանում Գաբրիել Մագալյաեշը «Արսենալի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։