«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն լիովին համաձայն են «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու ցանկության հարցում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ անցած տարեվերջին կայացել է «Բարսելոնայի» և Իսակի գործակալի միակ հանդիպումը, որի ընթացքում իսպանական գրանդը հայտնել է շվեդ ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրության մասին։ Դեկուն ընդգծել է, որ աշխատելու է այս տրանսֆերն իրականացնելու շուրջ։
Այնուամենայնիվ, «Բարսելոնան» պետք է վաճառի իր ներկայիս խաղացողներին, որպեսզի գումար ազատի Իսակին գնելու համար: Ակումբը չի ցանկանում կրկնել կիսապաշտպան Դանիել Օլմոյի հետ կապված իրավիճակը, ով դժվարությունների է հանդիպել իր գրանցման հետ կապված։ Հաջորդ ամառ վաճառքի ամենահավանական թեկնածուն պաշտպան Ռոնալդ Արաուխոն է, սակայն այլ խաղացողներ նույնպես կարող են հեռանալ ակումբից:
Այս մրցաշրջանում Իսակը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։