Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆԿԱԿԱՖ) վեց ամսով որակազրկել է մրցավար Մարկո Անտոնիո Օրտիսին այն բանից հետո, երբ նա ինքնագիր է վերցրել Լիոնել Մեսսիից ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղի ավարտից հետո, հայտնում է ESPN-ը։
Անցյալ շաբաթ Կանզաս Սիթիում կայացավ 1/16 եզրափակչի «Սպորտինգ Կանզաս Սիթի» — «Ինտեր Մայամի» հանդիպումը, որն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ «Ինտեր Մայամիի»։ Եզրափակիչ սուլիչից հետո մեքսիկացի մրցավարը մոտեցել է Մեսսիին և ինքնագիր խնդրել ընտանիքի «հատուկ կարիքներով» անդամի համար։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից կիրառված պատժամիջոցի համաձայն՝ Օրտիսը կշարունակի մրցավարական հանդիպումներ սպասարկել Մեքսիկայի առաջնությունում։ Սակայն ևս մեկ նման խախտման դեպքում մրցավարը կհեռացվի անորոշ ժամկետով: