Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։
«Ես միայն դրական արձագանքներ եմ լսել [Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին]: Ի սկզբանե ավելի շատ էին քննադատությունները, որոնք հնչում են ամեն անգամ, երբ փոփոխություններ են լինում: Կարծում եմ, որ այս պահին մարդկանց 99%-ը գոհ է Չեմպիոնների լիգայի նորացված ձևաչափից։
Մրցույթն էլ ավելի անկանխատեսելի է դարձել, մինչև վերջին պահը հայտնի չէր, թե ով է որակավորվել։ Դա տոտալ հաջողություն է, Չեմպիոնների լիգայի վարկանիշները գերազանց են: Բոլոր երեք մրցաշարերը, ներառյալ Եվրոպա լիգան և Կոնֆերանցիաների լիգան, հաջող են ընթանում:
Հովանավորները ուրախ են տեսնել, որ ավելի շատ թիմեր են մասնակցում այս մրցաշարերին: Այժմ նրանք էլ ավելի են ցանկանում միանալ և ներդրումներ կատարել ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում: Նույնը վերաբերում է հեռուստատեսությանը և մյուս հեռարձակողներին, որոնք լուսաբանում են հանդիպումները»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ վկայակոչելով Delo-ին:
Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը գործում է ընթացիկ մրցաշրջանից։