Մարզական լրագրող, մեկնաբան Արման Աբելյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նիդեռլանդցի Ջոն Վան’տ Սխիպի նշանակմանը։
Աբելյանը քննադատում է ֆեդերացիայի ընտրությունը` նշելով, որ Եղիշե Մելիքյանն ավելի արժանի էր այդ պաշտոնին։ Նա ընդգծում է, որ հավաքականն ունի չիրացված ներուժ, որը ճիշտ մոտեցմամբ կարելի է օգտագործել։
«Չունեցանք երիտասարդ մարզիչ, որը սա կդիտարկեր որպես կարիերայի սկիզբ, ոչ թե վերջին ակորդ։ Ֆեդերացիան էլ նշում էր, որ դասեր է քաղել տարեց մարզիչների օրինակներից, բայց նույնն ենք ստացել։
Շատ հստակ գիտեինք` ինչ արժանիքների (արդյունք և ոչ միայն) են նշանակվել Կապառոսն ու Պետրակովը։ Այս պարագայում դա բացարձակ հստակ չէ։ Բայց վատագույն տարբերակն էլ չէ, նրա Հունաստանը լավ թիմ էր։
Առհասարակ, լավագույն ընտրությունը Եղիշե Մելիքյանն էր։ Վերջին 10-15 տարում ոչ մի հայ մարզիչ ավելի արժանի չի եղել գլխավորելու հավաքականը, և հիմնավորումները շատ-շատ են։ Ափսոս, անգլերեն չգիտի, թե չէ կնշանակվեր…
Շատ եմ կրկնել` հավաքականը չիրացված ներուժ ունի։ Ոմանք ասում են` բոլորից կազմով թույլ ենք։ Բայց վերջին 2 ընտրական փուլերում խմբից դուրս գալու պայքարի մեջ ենք եղել, կարգով բարձր թիմերի դեմ հաճախ լավ ենք խաղացել։
Նույն մարդիկ «թաղել» էին Ադամյանին, իսկ 2 գոլից հետո նրա գովքն են անում, նույնը` Բարսեղյանի և այլոց դեպքում։ Մարզիչը պիտի օգտվի բոլորի ներուժից։ Կազմը շատ խորը չէ, բայց դրանով էլ կարելի է ավելի կայուն լինել»,- գրում է Աբելյանը սոցիալական ցանցերի իր էջերում։