Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաջա Նաինգոլանը խախտել է իր լռությունը՝ իր ձերբակալության վերաբերյալ (մանրամասներն՝ այստեղ): Ֆուտբոլիստը գրառում է կատարել սոցցանցում։
Նա գրել է, որ վերադարձել է տուն և ցանկանում է լիովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։ Այս կապակցությամբ նա երկրպագուներին խնդրել է հարգել իր գաղտնիությունը և ժամանակ տալ իրեն վերականգնվելու համար: Նա նաև ընդգծել է, որ այսուհետ այլեւս չի քննարկելու այդ դեպքի հետ կապված իրավիճակը։
«Կարող եք պատկերացնել, որ վերջին մի քանի օրերն աներևակայելի դժվար էին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ամբողջ սրտով աջակցել են ինձ։ Ընտանիքիս և ընկերներիս աջակցությունը, ինչպես նաև «Լոկերենի», նրա հիանալի երկրպագուների և իմ թիմակիցների հավատարմությունն ու վստահությունը ինձ ուժ են տալիս առաջ գնալու:
Հիմա, երբ նորից տանն եմ, ուզում եմ ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի և հոգեկան հավասարակշռությունս վերականգնելու վրա: Խնդրում եմ հարգել իմ գաղտնիությունը և ժամանակ տվեք ինձ վերականգնելու: Ներկա պահին ինձ թույլ չեն տալիս հարցազրույցներ տալ այս գործի վերաբերյալ, և ես դա չեմ անի»,- գրել է Նաինգոլանը։