«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է Լա լիգայի 35-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք Էլ Կլասիկոն Իսպանիայի սահմանից դուրս գտնվող մարզադաշտում անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը կարծում է, որ «Կամպ Նոու» մարզադաշտի վերականգնումն մինչ այդ չի ավարտվի, ուստի ղեկավարությունը ստիպված է այլընտրանքային վայր փնտրել։
Այսպիսով, հնարավոր տարբերակներից մեկը անգլիական «Ուեմբլին» է, որը տարողունակությամբ (90 հազարից ավելի հանդիսական) երկրորդն է «Կամպ Նոուից» հետո Եվրոպայում։ Ղեկավարությունը նաև կարծում է, որ «Ուեմբլին» առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «կապտանռնագույնների» երկրպագուների սրտերում, քանի որ այնտեղ կատալոնացիները երկու Չեմպիոնների լիգայի գավաթ են նվաճել՝ 1992 և 2011 թվականներին։
Հաղորդվում է, որ Լա Լիգայի ղեկավարությունն ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում են կատալոնացիների այս որոշմանը։
Նշենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը նախատեսված է մայիսի 11-ին, ժամը 19։00-ին։