Անգլիացի նախկին մրցավար Դևիդ Քութը, ով հայտնվել էր այս մրցաշրջանի ամենահայտնի սկանդալներից մեկի կենտրոնում, կատարել է քամինգ աութ՝ բացահայտելով իր սեռական կողմնորոշումը։ Նա նաև ներողություն է խնդրել իր վարքի համար, որը բացասական արձագանք էր առաջացրել:
Քութը, որն ավելի վաղ հեռացվել էր մրցավարական պարտականություններից՝ «Լիվերպուլի» նկատմամբ վիրավորանքներ պարունակող տեսանյութի և կոկաին օգտագործելու մեղադրանքների պատճառով, The Sun-ին տված հարցազրույցում նշել է, որ երկար ժամանակ թաքցրել է իր սեռական կողմնորոշումը՝ վախենալով երկրպագուների վիրավորանքներից:
«Շատ էի ամաչում, հատկապես պատանեկան տարիներին։ Ծնողներս այդ մասին իմացել են, երբ ես 21 տարեկան էի։ 25 տարեկանում անկեղծացա նաև ընկերներիս մոտ։ Պայքարել եմ ինքնագնահատականի խնդիրների դեմ, և դա կապված է եղել իմ սեռական կողմնորոշման հետ։ Ես գեյ եմ և երկար ժամանակ պայքարել եմ ինքս ինձ ընդունելու համար։
Ազնվորեն ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ իմ գործողություններով։ Հուսով եմ՝ մարդիկ կհասկանան, որ դրանք պահեր էին, որոնք տեղի են ունեցել կյանքիս դժվար ժամանակներում»,- նշել է Քութը։
Նախորդ տարվա դեկտեմբերին Անգլիայի Պրեմիեր լիգան պաշտոնապես հեռացրել է Քութին աշխատանքից։