«Միլանի» նորեկ, անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերը պատմել է, թե ինչու է որոշել լքել «Մանչեսթեր Սիթին» և ինչպես է իր որոշմանն արձագանքել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Տհաճ զրույց եմ ունեցել Գվարդիոլայի հետ՝ հաշվի առնելով մեր հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը։ Այն, ինչին հասել է նա «Մանչեսթեր Սիթիում», հասել եմ նաև ես։ Ինձ դուր է գալիս այն միտքը, որ նա հասկանում է, թե ինչ եմ տվել թիմին հանդերձարանում և ինչ մթնոլորտ եմ ստեղծում։
«Սիթին» իմ ընտանիքն էր՝ խոհարարներից մինչև մաքրողներ, սարքավորումների պատասխանատուներ և ֆիզիոթերապևտներ։ Ինձ հաճելի էր, որ ինձ սիրում էին, և ես օգնում էի բոլորին ինտեգրվել կոլեկտիվին։ Բայց վերջին շրջանում գործերը շատ լավ չէին ընթանում, և ես քիչ էի խաղում։ Հույս ունեմ, որ «Միլանում» կկարողանամ մի փոքր ավելի շատ խաղալ»,- Daily Mail-ը մեջբերում է Ուոքերի խոսքերը։