Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում (2:0) մեկնարկային կզմում վստահել Վոյցեխ Շչեսնիին, այլ ոչ Ինյակի Պենային։
Ինչպես հայտնում է Marca-ն, Պենյան ուշացել է կատալոնական ակումբի մարզումներից մեկից։ Այս ամենը գրմանացու կողմից դիտվել է, որպես անհարգալից վերաբերմունք թիմի և խաղընկերների նկատմամբ։
Պենյան փորձել է շտկել իրավիճակը՝ ասելով, որ ժամանակացույցը շփոթել է ու շատ է քնել։ Ֆլիկն ընդունել է բերված պատճառաբանությունը, բայց մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս է բերել Շչեսնիին։
Ֆլիկի «Բարսելոնայում» առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Նախկինում գերմանացին նման կերպ պատժել էր պաշտպան Ժյուլ Կունդեին։