Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականից, սակայն, ինչպես երևում է, նրա պատմությունն այս պաշտոնում մոտենում է ավարտին։
Ըստ L’Équipe-ի, չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին, ֆրանսիացի մասնագետը կհայտարարի, որ կլքի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը առաջիկա Աշխարհի առաջնությունից հետո, որը տեղի կունենա Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Նա չի երկարաձգի պայմանագիրը, եթե նույնիսկ դա իրեն առաջարկեն։
Հաղորդվում է, որ Դեշամը որոշում է կայացրել ամիսներ առաջ, սակայն այժմ ժամանակն է պաշտոնապես հայտարարել այդ մասին։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականի հետ Դիդյե Դեշամը հաղթել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունում և 2020/21 թվականների Ազգերի լիգայում։ Նա թիմին հասցրեց նաև 2016 թվականի Եվրոպայի առաջնության և 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ: