Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանն ասում է՝ կարանտինային շրջանում մարզումները շարունակում է տանը՝ չնայած լիարժեք կերպով ֆուտբոլից կարոտը հագեցնել հնարավոր չէ։ ArmSport-ի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը պատմել է՝ ինչպես է անցկացնում ժամանակը, ինչ ֆիլմեր է դիտում և որքան է սպասում իրավիճակի կարգավորմանը:
-Ինչպե՞ս ես անցկացնում կարանտինային շրջանը, պահպանո՞ւմ ես բոլոր կանոնները:
— Կարանտինն անցկացնում եմ տանը, միայն անհրաժեշտության դեպքում եմ դուրս գալիս:
-Ինչպիսի՞ն է կյանքն առանց ֆուտբոլի ու ինչպե՞ս ես հագեցնում կարոտդ ֆուտբոլից: Շարունակո՞ւմ ես տանը մարզվել:
-Այո, տնային պայմաններում մարզվում ենք մարզիչների կողմից տրամադրված անհատական ծրագրով` փորձելով պահպանել մարզավիճակը: Իհարկե, լիարժեք կերպով կարոտը հագեցնել հնարավոր չէ, այսպիսի պահերին հասկանում ես, թե որքան ձանձրալի է կյանքն առանց ֆուտբոլի:

-Շատերի կարծիքով այս դադարն ինչ-որ առումով անհրաժեշտ էր մեզ՝ կյանքը վերաիմաստավորելու, ամեն ինչ նորովի գնահատելու, վաղուց հետաձգած գործերն անելու համար: Համակարծի՞ք ես այս մտքի հետ ու առհասարակ ըստ քեզ այս դադարի դրական կողմերը որո՞նք են:
-Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի կյանք է սպասվում ֆուտբոլիստներին կարիերայի ավարտից հետո: Խորհուրդը հետևյալն է. Պետք է վայելել ամեն մի մարզումը և խաղը:
-Գրքեր, ֆիլմեր, սերիալներ, որ խորհուրդ կտաս կարդալ ու դիտել այս ընթացքում՝ չձանձրանալու համար:
— Դիտում եմ «Վիկինգներ» սերիալը, խորհուրդ կտամ դիտել նաև «Իռլանդացին» կինոնկարը, գրքերից` Charlotte Brontë-ի Jane Eyre նովելը:
Ազատ ժամանակ նաև PlayStation-ով FIFA եմ խաղում: YouTube-յան տիրույթում խորհուրդ կտամ դիտել #Corner-ը և Soccer AM ֆուտբոլային ալիքի տեսանյութերը:

-Նշեցիր՝ այսպիսի պահերին հասկանում ես, թե որքան ձանձրալի է կյանքն առանց ֆուտբոլի: Իսկ ի՞նչ ես կարծում ե՞րբ և ինչպե՞ս կշարունակվի Բարձրագույն խմբի առաջնությունը։
— Դժվարանում եմ ասել: Բոլորս հուսով ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի, իսկ առաջնությունը կվերսկսվի:
-Ինչպիսի՞ն է նոր ձևաչափը քո կարծիքով, երբ մեդալների համար 6-յակի թիմերն են միայն պայքարելու:
-Ձևաչափը լիարժեք կլիներ այն դեպքում, եթե «Երևանը» դուրս չգար առաջնությունից: Այս ձևաչափն ավելի հարմար կլիներ, եթե առաջնությանը մասնակցեին 12 թիմեր:
-Իսկ ինչպե՞ս կամփոփես առաջնության՝ մինչ այս կայացած հատվածը ձեր թիմի համար: «Ալաշկերտի» չեմպիոնության շանսերն ինչպե՞ս ես գնահատում:
-Շարունակում ենք պայքարը չեմպիոնության համար: Լավ թիմ ունենք, և հուսով եմ, որ կհասնենք մեր գլխավոր նպատակին:
Նարե Հովհաննիսյան