«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հետ կապված իրավիճակը։ Վերջին օրերին հայտնի էր դարձել, որ Լա Լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել են «Բարսելոնային»՝ ֆուտբոլիստների գրանցման հարցում։
«Օլմոյի իրավիճակը կարող է ազդել ապագա պայմանագրերի վրա։ Եթե ես լինեի այլ ակումբում և տեսնեի այս իրավիճակը, ես, անկեղծ ասած, կասկածներ կունենայի՝ արդյոք սա ճիշտ ակումբ է ինձ համար։
Օլմոյի և Պաու Վիկտորի իրավիճակը բարդ է։ Մենք չգիտենք՝ կարող ենք հույս դնել նրանց վրա, թե ոչ։ Հուսով ենք, որ պատասխանատու անձինք կկարողանան լուծել այս խնդիրը, որպեսզի նրանք շուտով նորից կարողանան խաղալ թիմի հետ»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնան» չի պատրաստվում հանձնվել և կշարունակի պայքարել Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման համար մրցաշրջանի երկրորդ կեսի ընթացքում։ Հայտնի է, որ ակումբը պատրաստվում է բողոքարկել Լա Լիգայի և Ֆեդերացիայի որոշումը՝ դիմելով Բարձրագույն սպորտային խորհրդին։