Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամը քննադատել է սպիտակամորթ ֆուտբոլիստներին՝ ռասիզմի մասին խնդրի վերաբերյալ լռության համար։
«Երբ սևամորթ խաղացողը հայտնում է ռասիզմի դրսևորումների մասին, առաջին բանը, որ նրան ասում են, դա հանգստանալն է։ Նա ցանկանում է լքել խաղադաշտը, սակայն իր թիմակիցներն ու մյուս թիմի խաղացողները նրան ասում են՝ «Հանգստացիր, մի՛ լքիր խաղադաշտը»։ Նա իրեն զգում է հարձակման թիրախում և շատ է նյարդայնանում։ Իսկ վերջում մրցավարը նրան դեղին քարտ է ցույց տալիս՝ նրան հանգստացնելու համար։
Սա իրականությունն է։ Սա այնքան դաժան իրավիճակ է, որ այն մարդը, ով տուժում է դրանից, ի վերջո այլևս չի ցանկանում հայտնել դրա մասին։
Շատ տխուր փաստ է սպիտակամորթ խաղացողների լռությունը։ Ինչու՞ նրանք, որպես կանոն, ոչինչ չեն անում։ Ոմանք արտահայտվում են, բայց մեծ մասամբ, երբ խաղն ավարտվում է, մենք նրանցից չենք լսում, որ խոսեն ռասիզմի մասին», – նախկին պաշտպանի խոսքն է մեջբերում Catalunya Ràdio-ն։