Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ խիտ մառախուղի պայմաններում հաղթեց «Լեսթերին» 3:1 հաշվով։ Հաղթողի կազմում գոլ խփեցին Կոդի Գակպոն, Քերթիս Ջոնսը, որի համար սա «Լիվերպուլի» կազմում 100-րդ հանդիպումն էր և Մոհամեդ Սալահը։ Երկու գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Ալեքսիս Մակալիսթերը։ Հյուրերի կազմում գոլ խփեց Ջորդան Այուն։
Սալահն ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 16-րդ գոլն ԱՊԼ-ում․ եգիպտացին շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 13 գոլով։
«Լիվերպուլը» 42 միավորով Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Չելսիին» 7 միավորով։ Բացի այդ, Առնե Սլոթի գլխավորած թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Թիմն առանց պարտության շարունակում է իր 22-րդ հանդիպումը տարբեր մրցաշարերում։ «Լեսթերը» 14 միավորով 18-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում կհանդիպի լոնդոնյան «Վեսթ Հեմի» հետ, խաղը կկայանա դեկտեմբերի 29-ին։ Նույն օրը «Լեսթերը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։