«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն պատմել է իր ծանր մանկության մասին հայրենի Էկվադորում, որտեղ իր ընտանիքը պայքարում էր աղքատության դեմ։ Չնայած դժվարություններին՝ խաղացողը սիրով է հիշում իր ծնողների և ավագ եղբայրների ու քույրերի զոհաբերությունները:
Կայսեդոն ունի յոթ եղբայր և երկու քույր, որոնք մեծ դեր են ունեցել նրա ֆուտբոլային ձգտումներին աջակցելու գործում: Ֆուտբոլիստն ընտանիքում ամենակրտսերն է:
«Ես այնքան լավ ընտանիք ունեմ, և անչափ շնորհակալ եմ Աստծուն դրա համար: Ես միշտ փորձում եմ հոգալ նրանց ծախսերը, որովհետև նրանք ինձ միշտ օգնել են կոշիկներով և նման բաներով: Օրինակ, իմ եղբայները սոված էին մնում, որպեսզի ինձ համար խաղակոշիկներ գնեն, և դա այն է, ինչ ես միշտ հիշում եմ: Ամենակարևորը երախտապարտ լինելն է, և ես այնքան երջանիկ եմ, որ ունեմ այդպիսի ծնողներ և մեծ ընտանիք:
Մայրս կայուն աշխատանք չուներ, ուստի նա օճառ էր վաճառում, ծաղիկներ էր վաճառում, երբ Վալենտինի օրն էր: Նա այս ամենն անում էր մեզ օգնելու համար: Հայրս պայուսակներ և նման բաներ էր վաճառում հաճախորդներին: Հայրս ինձ համար հիանալի օրինակ է, քանի որ նա քրտնաջան աշխատում էր, որպեսզի ամեն օր սնունդ ունենանք:
Ես միշտ կհիշեմ սա։ Ծնողներս երբեք չեն լքել մեզ, նրանք միշտ մեզ հետ են եղել, և այդ պատճառով ես այնքան երախտապարտ եմ Աստծուն, որ այժմ հնարավորություն ունեմ նրանց պարգևատրել այն բոլոր քրտնաջան աշխատանքի համար, որ նրանք արել են մեզ համար: Եվ ես ամեն րոպե փորձում եմ օգնել նրանց»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ Կայսեդոն «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականին «Բրայթոնից» 116 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում 23-ամյա էկվադորցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 17 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։