Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում «Նոայի» հաղթելուց հետո (3:1) ԱՊՕԷԼ-ի գլխավոր մարզիչ Մանոլո Խիմենեսը հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը։
«Հաղթանակի կապակցությամբ ավելի շատ ուրախ եմ երկրպագուների համար։ Այս խաղում ամենակարևորն արդյունքն էր։ Կարծում եմ՝ խաղը վերահսկում էինք մինչև 1-1 հաշիվը։ Գոլի դրվագում մանկական սխալ թույլ տվեցինք։
«Նոայի» երկրորդ գոլը, որը չհաշվվեց, շատ վտանգավոր դրվագ էր, տարածություն շատ էինք տալիս մրցակցին, բայց հետո հանգստացանք, քանի որ նկատել էինք, որ ձեռքով խաղ կա։
Շատ ուրախացանք, երբ երկրորդ գոլը խփեցինք, Կոնստանտինովն արժանի էր այսօր խաղալու։ Որքան «Նոան» նետվում էր առաջ, հասկանում էինք, որ կարող էինք օգտվել հակագրոհներից։
Ցանկանում եմ շնորհավորել «Նոային», երկու թիմերն էլ շատ լավ խաղացին ու պայքարեցին մինչև վերջ»,- նշել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Նոան» մինչև 89-րդ րոպեն ոչ-ոքի էր խաղում կիպրոսական ակումբի հետ, սակայն հանդիպման վերջնամասում 2 գոլ բաց թողեց և զիջեց մրցակցին։