Ֆրանսիական ֆուտբոլի ֆինանսական կարգավորիչ մարմինը (DNCG) դատավճիռ է կայացրել ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Լիոնի» դեմ։
Հաղորդվում է, որ եթե մինչև մայիս ակումբը չվճարի իր պարտքերը, ապա կտեղափոխվի Ֆրանսիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոն։ Ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» արգելվել է նաև նոր տրանսֆերներ ձևակերպել։
Ակումբը կհեռացվի Լիգա 1-ից, եթե ֆինանսական վիճակը չբարելավվի։ Ավելի վաղ «Լիոնը» հայտնել էր 505,1 մլն եվրոյի պարտքի մասին։ Ակումբի տրանսֆերային գործունեությունն արդեն վերահսկվում էր 2023 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանի վերջում ակումբը նաև աուդիտ է անցել։
Եթե «Լիոնը» չլուծի իր ֆինանսական խնդիրները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ապա վերջնականապես կհաստատվի նրանց հեռացվելը Լիգա 1-ից՝ անկախ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքից։ Թիմը լի է երիտասարդ տաղանդներով, որոնք կարող են հետաքրքրել գրանդ ակումբների սկաուտներին։ Արդեն տրանսֆերային որոշակի շշուկներ են շրջանառվում որոշ ֆուտբոլիստների վերաբերյալ։
Ներկայիս մրցաշրջանում 11 տուրից հետո թիմը 18 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Լիոնը» հանդես է գալիս երկրի բարձրագույն դիվիզիոնում 1989 թվականից։ Ակումբը 7 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը և ութ անգամ՝ Սուպերգավաթը։