«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը վնասվածք է ստացել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Դանիայի դեմ խաղի ժամանակ (1:0): Այս մասին հայտնում է իսպանական Relevo պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ խաղի ավարտից հետո Յամալը կաղալով է դուրս եկել մարզադաշտից։ Նշվում է, որ եզրային հարձակվողը վնասվածք է ստացել գերծանրաբեռնվածության պատճառով, իսկ նրա վիճակի վրա ազդեցություն է ունեցել նաև դանիացիների կոպիտ խաղը, որոնք փորձում էին խախտումներ անել նրա դեմ գրեթե յուրաքանչյուր պայքարի ժամանակ։
Հավելենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն փոխարինեց Յամալին Սերխիո Գոմեսով։
Այս մրցաշրջանում Յամալը ակումբի և հավաքականի կազմում մասնակցել է 14 հանդիպման, որտեղ դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։