Ռումինացի և ալբանացի բանվորները, որոնք աշխատում են «Բարսելոնայի» տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» վերակառուցման վրա, ծեծկռտուք են կազմակերպել, որի արդյունքում վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է COPE-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատողները ծեծկռտուքի ընթացքում օգտագործել են փայտեր։ Այս պահին դեռևս տվյալներ չկան այն պատճառի մասին, որը հանգեցրել է ռումինացի և ալբանացի աշխատողների միջև կոնֆլիկտին։
Ընդգծվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ աշխատողների միջև ծեծկռտուք է տեղի ունենում կապտանռնագույնների մարզադաշտի վերակառուցման ժամանակ։ Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 23-ին։ Դրանից հետո երկու մարդ վիրավորվել էր, իսկ չորսը՝ ձերբակալվել։