Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Լեչեի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալով՝ «Միլանի» ձախ պաշտպան Տեո Էրնանդեսն Ա Սերիայում իտալական գրանդի կազմում խփած գոլերի քանակով հավասարվել է «ռոսոներիի» նախկին պաշտպան Պաուլո Մալդինիին։ Իտալիայի առաջնությունում երկու ֆուտբոլիստներն էլ խփել են 29-ական գոլ։
Ինչպես նշում է Opta-ն, Էրնանդեսն ու Մալդինին «Միլանի» պատմության ամենաարդյունավետ պաշտպաններն են:
Մալդինին «Միլանում» խաղացել է 1985-2009 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 901 հանդիպման, որոնցում դարձել է 33 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։ Էրնանդեսը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 220 հանդիպման, որոնցում դարձել է 31 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։