«Ուրարտուի» մարզական տնօրեն Էրիկ Վարդանյանը Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ ամռանը թիմում չեն դիտարկել հարձակվող Արտյոմ Ձյուբային հրավիրելու տարբերակը, քանի որ ակումբում արդեն կա մեկ այլ ռուս հարձակվող՝ Իվան Իգնատևը:
— Լավ թիմ ունենք, բայց ձմռանը կլինեն ուժեղացումներ: Կան դիրքեր, որոնք պետք է ամրապնդենք:
— Ռուս ֆուտբոլիստների է՞լ եք հրավիրելու:
— Կտեսնենք: Դեռևս ոչինչ չեմ կարող ասել այդ առումով:
— Անցած ամռանը ռուս ֆուտբոլիստների հետ տարբերակներ եղե՞լ են: Օրինակ, Գեորգի Ջիկիան ազատ էր:
— Մենք նրա հետ չենք կապնվել: Գիտեմ՝ ինչպիսի ֆուտբոլիստ է, նա թիմին փորձ և որակ կավելացներ: Բայց մենք թիմում ունենք 6 պաշտպան, և դա բավարար է: Մեզ մոտ հարձակվողներն են քիչ: Այդ դիրքում ունենք երկու շատ լավ ֆուտբոլիստ՝ Լեոն Սաբուա և Իվան Իգնատև: Բայց դա քիչ է:
— Չե՞ք դիտարկել Արտյոմ Ձյուբային:
— Գիտեինք, որ նա ազատ է, բայց նրա հետ զրույց չենք ունեցել: Ձյուբային չենք դիտարկել, որովհետև արդեն ստորագրել ենք պայմանագիր Իգնատևի հետ։
Իգնատևն «Ուրարտուին» է միացել ամռանը՝ ստորագրելով մեկ տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 խաղի, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա Ձյուբան սեպտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով միացել է Տոլյատիի «Ակրոնին»։