Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, ամերիկահայ Ալիսոն Հալվերսոնը հաղթող է ճանաչվել առաջին անգամ անցկացվող Տասնամարտի կանանց աշխարհի առաջնությունում:
Այս մասին մարզուհին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Ես աներևակայելի երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու տասնամարտի կանանց աշխարհի առաջին առաջնությանը: Այն բոլոր տարիների ընթացքում, ինչ ես մարզվել եմ, մասնակցել եմ մրցումների, հաղթել ու պարտվել եմ, միշտ իմացել եմ, որ Աստված այդ ամենի համար նպատակ ուներ: Աստված ինձ պայքարելու ուժ և վճռականություն տվեց, նա ինձ ուժ տվեց շարունակելու, երբ ամեն ինչ անհնար էր թվում: Ես այնքան ուրախ եմ, որ երբեք չեմ հանձնվել հատկապես որդուս ծնունդից հետո: Հուսով եմ, որ իմ պատմությունը կարող է քաջալերել ինչ-որ մեկին. Աստծո ծրագրերն ավելի մեծ են, քան մերը»,- գրել է Ալիսոնը:
Հայ մարզուհին հանդես է եկել աթլետիկայի 10 մրցաձևերում, որոնցից 4-ում հաղթանակ է տարել: Նա առաջին արդյունքն է ցույց տվել 100 մետր վազք (11.92 վայրկյան), 100 մետր արգելավազք (13.87), 400 մետր արգելավազք (55.86) և հեռացատկ (5.88 մ) մրցաձերում: ԱՄՆ Օհայո նահանգի Ջենիվա քաղաքում անցկացված երկօրյա մրցումներում Ալիսոնն ընդհանուր առմամբ 7,236 միավոր է հավաքել և 7 երկրի 19 մարզիկների շրջանում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: