Այսօր Բեռլինում Իսպանիայի և Անգլիայի հավաքականները կվիճարկեն 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Հանդիպման մեկնարկում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ բավականին զգույշ էին գործում, իսպանացիներն ավելի շատ էին տիրում գնդակին ու ավելի շատ ժամանակ անցկացնում մրցակցի խաղադաշտում, սակայն առաջին հարվածը դարպասին տեղի ունեցավ միայն 13-րդ րոպեին․․․ այն էլ՝ շեղ հարված։ Քիչ անց արդեն անգլիացիները գրոհ կազմակերպեցին, սակայն իսպանացիները զգոն էին պաշտպանությունում և անգլիացիները վաստակեցին առավելագույնն անկյունայինի իրավունք այդ դրվագում։
Առաջին խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին․ ավելին՝ նույնիսկ որևէ վտանգավոր գոլային դրվագ չկարողացան ստեղծել։ Դարպասի ուղղությամբ առաջին հարվածն այս խաղում կատարեց Ֆոդենը, բայց Սիմոնը տեղում էր․ այդ դրվագն ավելացված առաջին րոպեին տեղի ունեցավ։ Թիմերն ընդմիջման գնացին, իսկ լուսատախտակին հաշիվն անփոփոխ է՝ 0-0։
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը Եվրո-2024-ի եզրափակչում իր թիմի մեկնարկային կազմում էր։ 17 տարեկան 1 օրական հասակում ֆուտբոլիստը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Եվրոյի և Աշխարհի առաջնությունների եզրափակիչների պատմության մեջ։ Նա գերազանցել է Պելեի ռեկորդը, ով 1958 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում եղել է 17 տարեկան 249 օրական։
Ալվարո Մորատան ևս Իսպանիայի հավաքականի կազմում ռեկորդ է սահմանել, բայց Եվրոյում անցկացրած հանդիպումների քանակով։ Եվրո 2024-ի եզրափակիչում Անգլիայի դեմ խաղը Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողի 17-րդ հանդիպումն է Եվրոպայի առաջնությունում։ Այս մրցաշարում ոչ մի ֆուտբոլիստ ավելի շատ ելույթ չի ունեցել Իսպանիայի հավաքականի կազմում: