ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի 2024 թ.առաջնության եզրափակիչ խաղին Իսպանիայի և Անգլիայի հավաքականների միջև:
«Հանդիպում ունեցա ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ում հրավերով ներկա կգտնվենք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին»,- գրել է ՀՀ վարչապետը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մեր երկրում ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով:
Վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի եւ հավելել, որ ակնկալվում է նաեւ ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:
Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը եւս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձեւի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին:
Բեռլինում են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: