Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան մեկնաբանել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ խաղում (2:1) տեղի ունեցած դրվագը, երբ 106-րդ րոպեին Բունդեսթիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հարվածեց դարպասին և գնդակը դիպավ իսպանացու ձեռքին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը դրա համար 11 մետրանոց չնշանակեց։
«Ինձ հանգստացրեց այն, որ մրցավարը ոչինչ չասաց այս իրավիճակի վերաբերյալ։ Եթե մասնագետներն ասում են, որ սա ձեռք չէ, ուրեմն այդպես է։
Ես չեմ խառնվում մրցավարությանը և հարգում եմ մրցավարների ասածը: Հասկանում եմ կասկածները, քանի որ որոշ դեպքերում դրա համար տույժ են տալիս, իսկ որոշ դեպքերում՝ ոչ։ Բայց մենք կարող ենք նաև բողոքել, որ Կրոսը կարող էր հեռացվել»,- Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ այս հանդիպման սկզբում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը կոպտորեն խախտել էր իսպանացի կիսապաշտպան Պեդրիի նկատմամբ կանոնները, ինչի արդյունքում նա չկարողացավ շարունակել խաղը։