Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կիսվել է իր էմոցիաներով՝ ինչ է նշանակում գիտակցել, որ իսպանական գրանդի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը ավարտել է կարիերան։ Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստն իր վերջին հանդիպումն է անցկացրել Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Իսպանիայի ընտրանու հետ, որտեղ Բունդեսթիմը պարտվել է 1։2 հաշվով։
«Որպես ֆուտբոլասեր և Կրոսի երկրպագու՝ ես տխուր էի նրա վերջին խաղից: Այնուամենայնիվ, որպես հանդիսատես մենք իսկապես վայելեցինք Իսպանիայի հետ հանդիպումը, որը լավագույններից մեկն էր Եվրոյում։ Ի՞նչ է լինելու հետո: Թող հաղթի լավագույնը»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca -ն։
Կրոսն իր ակումբային կարիերայում անցկացրել է 754 խաղ (73 գոլ և 166 գոլային փոխանցում)՝ նվաճելով 33 գավաթ։ Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է նաև 113 հանդիպման (17 գոլ և 21 գոլային փոխանցում)։ 2014 թվականին կիսապաշտպանը դարձել է աշխարհի չեմպիոն։