Իսպանիայի հավաքականը երեկ դարձավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։
Իսպանիան լրացուցիչ ժամանակում առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ: Հաղթական գոլը հանդիպման 120-րդ րոպեին խփեց Միկել Մերինոն։ Խաղից հետո իսպանացի կիսապաշտպանը մեկնաբանել է իր գոլը.
«Ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում: Երբ տեսա, որ գնդակը Օլմոյի մոտ է, հասկացա, որ նա բավական հմտություն ունի կատարյալ փոխանցում կատարելու համար։
Ես վազեցի Ռյուդիգերի հետևից, և փոխանցումն իսկապես կատարյալ էր: Ինձ մնում էր միայն վազել ճիշտ դիրք, ցատկել և հարմար դիրք զբաղեցնել գնդակին գլխով հարվածելու համար»,- Մերինոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։