ԵՎՐՈ 2024-ի մեկնարկը տրված է։ 6 խումբ, 24 հավաքական ու մեկ գավաթ, որը բաժին կհասնի «հին աշխարհամասի» ամենաուժեղ ընտրանուն։ Նախորդ մրցաշարի հաղթողն Իտալիայի ընտրանին է, որը փորձելու է ամեն գնով կրկնել իր հաջողությունը։ Առաջնության պատմության մեջ միայն մեկ հավաքականի է հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն. 2008-ին Իսպանիան՝ Ինյակի Սաեսի գլխավորությամբ, նվաճեց գավաթը, այնուհետև, 4 տարի անց՝ արդեն Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ կրկնեց իր հաջողությունը։
Այսպիսի թվեր, վիճակագրություններ ու ինտրիգներ շատ կան։ Առաջիկա օրերի ընթացքում ArmSport-ը ձեր դատին է հանձնելու Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցներին, գլխավոր մարզիչներին, գլխավոր աստղերին և այլ հետաքրքիր փաստեր ու փաստարկներ։
A խմբին արդեն ծանոթացրել ենք այստեղ, B խմբին`այստեղ, C խմբին՝ այստեղ, D խմբին՝ այստեղ, E խմբին՝ այստեղ։
Ներկայացնում ենք վերջին F խմբի մասնակիցներին։
Պորտուգալիա
Պորտուգալիան ջախջախեց իր բոլոր մրցակիցներին՝ 10 հաղթանակ 10 խաղում (միակ թիմը 100 տոկոսանոց արդյունքով), գոլերի տարբերությունը՝ 36-2, ընդ որում, միակ խաղը, որտեղ Պորտուգալիան գոլ ընդունեց, Սլովակիայի հետ խաղն էր։ Կրիշտիանու Ռոնալդուից ու իր թիմից սովորականի պես տուժեցին Լյուքսեմբուրգը (6:0, 9:0) և Լիխտենշտեյնը (4:0, 2:0): Պորտուգալացիները 8 միավորով գերազանցեցին Սլովակիային, որը զբաղեցրեց երկրորդ տեղը:
ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ
- Ռոնալդուի և 41-ամյա Պեպեի մասնակցությամբ թերևս վերջին մեծ մրցաշարն է (դե, Եվրոն՝ որ հաստատ)։
- Այս հավաքականը ֆանտաստիկ երիտասարդություն ունի՝ թոփ-ակումբների ապագա աստղեր։
- Պորտուգալիան լավ տարբերակ է, եթե չես սիրում սովորական ֆավորիտների։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Դիոգու Կոշտա — Դալոտ, Ռուբեն Դիաշ, Անտոնիո Սիլվա, Ժոաու Կանսելու — Բրունու Ֆերնանդեշ, Ժոաու Պալինյա, Վիտինյա — Բեռնարդո Սիլվա, Ռոնալդու, Լեաո
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ
Պորտուգալիան ունի փորձի և երիտասարդության հետաքրքիր համադրություն. Բրունո Ֆերնանդեշը և Բերնարդու Սիլվան 29 տարեկան են, Ռաֆայել Լեաոն և Ժոաո Ֆելիքսը՝ 24, իսկ Գոնսալո Ռամոսը 22 տարեկան է: Եթե հաջողվի խաղադաշտում չծերացող Ռոնալդուին համատեղել աջակցող երիտասարդության հետ, կստացվի գերհզոր թիմ։
ԽԱՂԱՈՃԸ
Սա այլևս այն պրագմատիկ թիմը չէ, որը 2016-ին հաղթեց ԵՎՐՈ-ն՝ իր փակ ֆուտբոլով։ Նոր սերունդը հնարավորինս կենտրոնացած է հարձակման վրա։ Թիմը պետք է փորձի բալանս գտնել և չմոռանալ պաշտպանության մասին:
ՄԱՐԶԻՉԸ
Ռոբերտո Մարտինեսը բելգիական ոսկե սերնդից հետո ստացավ տաղանդավոր պորտուգալացիների խումբ։ Առայժմ հիանալի է ընթանում. թիմը նրա գլխավորությամբ առաջին անգամ պարտվեց միայն մարտի վերջին ընկերական խաղում՝ 0-2 հաշվով պարտություն Սլովենիայից, մինչ այդ գրանցվել էր 11 հաղթանակ՝ ընդհանուր 41-4 հաշվով: Պորտուգալիան պաշտոնական խաղերում չի պարտվել 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։
ՓԱՍՏ
Պորտուգալացիների հայտացուցակում Սաուդյան Արաբիայից երկու խաղացող կա՝ Ռոնալդուից բացի, «Ալ-Հիլալից» Ռուբեն Նևեշը։ Համեմատության համար՝ երկու խաղացող հրավիրվել է նաև Լա Լիգայից և Ա Սերիայից։ Մակարդակ եմ ասել, է՜․․․
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Քանի այս թիմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, նույնիսկ եթե նա խաղա 1 ոտքով, նա մնալու է առաջատարը։ Ռոնը մասնակցում է իր 6-րդ ԵՎՐՈ-ին և այդ ցուցանիշով կգերազանցի Իկեր Կասիլյասին: Ի դեպ, Ռոնալդուն խաղացել է բոլոր մրցաշարերում, մինչդեռ իսպանացի դարպասապահը հինգից երեքում է խաղացել։ Կրիշտիանուն 20 տարի առաջ խաղացել է տնային ԵՎՐՈ-ում և հասել եզրափակիչ: 2016 թվականին նա նվաճեց տիտղոսը, իսկ 2024 թվականին կգնա երկրորդ ոսկու հետևեց։
ՎՐԱՍՏԱՆ
ԵՎՐՈ-ի ընտրական մրցաշարը Վրաստանը ձախողեց՝ խմբում նախավերջին տեղը զբաղեցնելով․ Իսպանիայից հետ մնաց 13 միավորով, Շոտլանդիայից՝ 9։ Բայց այլընտրանքային երթուղին հասավ օգնության՝ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆը: Որպես C դիվիզիոնի հաղթող՝ վրացիները կիսաեզրափակիչում հաղթել են Լյուքսեմբուրգին՝ 2:0, իսկ եզրափակիչում 11 մետրանոցներով՝ Հունաստանին։
ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ
- Որպեսզի Եվրոպայի առաջին չեմպիոններ Մետրևելիի, Մեսխիի և Չոխելիի ժառանգները թնդեցնեն ԵՎՐՈ-ն։
- Որ ապագա Խվիչաները ոգեշնչվեն այս հաջողությունից։
- Ու թող վրացական գինին գետի պես հոսի։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Մամարդաշվիլի – Կակաբաձե, Կվերկվելիա, Կաշիա, Դվալի, Շենգելիա – Չակվետաձե, Կոչորաշվիլի, Կիտեյշվիլի – Միկաուտաձե, Կվարացխելիա.
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ
Փլեյ-օֆֆից առաջ 38-ամյա Ջաբա Կանկավան վերադարձավ հավաքական՝ 3 տարվա բացակայությունից հետո. վետերանին համոզեցին օգնել՝ պաշտպանական գծի խաղացողների պակասի պատճառով: Լյուքսեմբուրգի հետ խաղում 36-ամյա Գուրամ Կաշիան խաղադաշտ մտնելուց անմիջապես հետո Կանկավային փոխանցեց ավագի թևկապը, որը նա կրել է 2012-2021 թվականներին (Կախա Կալաձեի հեռանալուց հետո, ի դեպ)։ Կանկավան, ի վերջո, ընդգրկվեց նույնիսկ ԵՎՐՈ-ի հայտի մեջ, սակայն հրաժարվեց մասնակցությունից։ Նա հայտարարել է, որ առաջնության է գնալու որպես երկրպագու։ Նրա այս հրաշալի ժեստից օգտվեց «Բազելի» 18-ամյա ֆուտբոլիստ Գաբրիել Սիգուային։
ՄԱՐԶԻՉԸ
Վիլի Սանյոլն իր գլխավորած հավաքականը բերում է իր համար կարևոր երկիր. նա իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Բավարիայում», Ֆրանսիայի ընտրանու հետ 2006 թվականին հասավ Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ, իսկ ավելի ուշ Մյունխենում աշխատել է Անչելոտիի մարզչական շտաբում։ Հետաքրքիր է, որ 2017 թվականին «Բավարիայից» հեռանալուց հետո և 2021 թվականին Վրաստանում նշանակվելուց առաջ Սանյոլը ոչ մի թիմ չի մարզել, բայց Վրաստանում հավատում էին նրան և ճիշտ էին։
ԽԱՂԱՈՃԸ
Թիմն իր հույսը դրել է արագ եզրերի, սուր հակագրոհների, յուրաքանչյուր պահի իրացման և անհատական վարպետության վրա, որով վրացիները միշտ հայտնի են եղել։
ՓԱՍՏ
Բուդու Զիվզիվաձեն ոչ միայն Լյուքսեմբուրգի դահիճն էր (երկու գոլն էլ ինքը խփեց), այլ նաև ակտիվ գրունդհոպեր է։ Կասեք՝ ի՞նչ է դա։ Գրունդհոպերները մարդիկ են, որոնք ունեն որքան հնարավոր է շատ ստադիոն այցելելու հոբբի։ «Կառլսրուեի» հարձակվողը հաշիվ է պահում Futbology հավելվածում, որտեղ գրանցում է մարզադաշտեր այցելությունները: Զիվզիվաձեն խորամանկ է մի քիչ. նա գրանցում է այն հանդիպումները, որոնցում ինքն է խաղացել, հետևաբար նա առաջին տեղերում է Թբիլիսիի «Դինամո Արենա» և հունգարական «Ֆեհերվարի» (Բուդուն խաղացել է այս ակումբում) մարզադաշտեր այցելելու համար:
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Խվիչա՝ Վրաստանի հերոս, «Նապոլիի» հերոս և, հավանաբար, Կիլիան Մբապեի ապագա փոխարինողը ՊՍԺ-ում: Իտալիայում երկրորդ մրցաշրջանը ոչ այնքան վառ ստացվեց, բայց թերևս Խվիչան իր լավագույն ուժերը պահպանել է ԵՎՐՈ-ի համար:
ՉԵԽԻԱ
Չեխիան Ալբանիայի հետ հավասար միավորներ է հավաքել՝ 15-ական, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վերջին տուրում անհրաժեշտ էր չպարտվել Մոլդովային, սակայն չեխերը գերազանցեցին խնդիրը՝ հաղթեցին 3:0 հաշվով։
ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ
- Չեխերը միշտ էլ ունակ են անակնկալներ մատուցել ԵՎՐՈ-ում. Չեխոսլովակիայի փլուզումից հետո նրանք մասնակցել են բոլոր մրցաշարերին, նվաճել են արծաթե, բրոնզե մեդալներ և երկու անգամ դուրս եկել քառորդ եզրափակիչ։
- Դուք կարող եք անձամբ ուրախանալ Շիկի համար․ ևս մեկ գոլ՝ և նա կդառնա ԵՎՐՈ-ի պատմության լավագույն չեխ ռմբարկուն: Նա կշրջանցի Միլան Բարոշին, ինչպես նաև Մարկո Վան Բաստենին, Զինեդին Զիդանին, Ֆերնանդո Տորեսին և այլ հարգված ֆուտբոլիստների, ովքեր նույնպես ունեն 5 գոլ այս մրցաշարում:
- Եթե սիրում եք հոկեյ և Դոմենիկ Հաշեկի երկրպագուն եք, ապա մարզիչ Իվան Հաշեկը լեգենդար դարպասապահի (Օլիմպիական չեմպիոն և Սթենլիի գավաթի կրկնակի հաղթող) զարմիկն է: Չեխիայի հոկեյի հավաքականը լուրջ աղմուկ է հանել Աշխարհի առաջնությունում։ Տեսնենք՝ ինչպիսին կլինի ֆուտբոլի հավաքականի ելույթը Եվրոպայի առաջնությունում։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Ստանեկ – Ցուֆալ, Վիտիկ, Զիմա, Գոլեշ, Դ.Յուրասեկ – Սադիլեկ, Բարակ, Սոուչեկ – Շիկ, Գլոժեկ.
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ
ԵՎՐՈ-ի ընտրական մրցաշարից անմիջապես հետո գլխավոր մարզիչ Յարոսլավ Շիլգավին անսպասելիորեն հրաժարական տվեց, որի օրոք ազգային թիմը աղմուկ բարձրացրեց ԵՎՐՈ-2020-ում. թիմը նոկաուտի ենթարկեց հոլանդացիներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Պատրիկ Շիկը լավագույն ռմբարկուի կոչումը կիսեց Կրիշտիանու Ռոնալդուի հետ (յուրաքանչյուրը՝ 5 գոլ): Շիլգավին հոգնել էր ճնշումներից և սկանդալներից. նախ Անտոնին Բարակը հեռացվեց ազգային հավաքականից՝ «սխալ պահվածքի» պատճառով, իսկ հետո վտարվեցին ևս երեք խաղացողներ (ներառյալ Վլադիմիր Ցուֆալը «Վեսթ Հեմից»), որոնց տեսել են հարբած վիճակում գիշերային ակումբում։ Կարգապահության հետ կապված խնդիրները Չեխիայի հավաքականին բնորոշ գիծ են։
ԽԱՂԱՈՃԸ
Պաշտոնական խաղերում դեռ չենք տեսել Չեխիային՝ նոր մարզչի գլխավորությամբ, սակայն մարտյան ընկերական խաղերում թիմը երկու անգամ հաղթել է՝ 2:1 հաշվով Նորվեգիային և Հայաստանի ընտրանուն: Թիմում քիչ աստղեր կան, ուստի հույսը դրված է «Սպարտայի» և «Սլավիայի» կորիզից եկած թիմային աշխատանքի վրա: Փորձառու Թոմաս Սուչեկը «Վեսթ Հեմից» մաքրում է թիկունքը, և առջևում հույս կա Պատրիկ Շիկի վրա:
ՄԱՐԶԻՉԸ
Չեխիան իր ընտրությունը կատարել է հօգուտ Իվան Հաշեկի՝ ոչ ամենահաջող ընտրությունը։ Մինչ այդ նա երկար ժամանակ աշխատել է Մերձավոր Արևելքում: Միաժամանակ Հաշեկը երկրորդ անգամ գլխավորեց Չեխիան՝ 2009 թվականին նա աշխատել է որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և ինքն իրեն էլ նշանակել գլխավոր մարզիչ։ Նրա հետ թիմը 2010 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել չկարողացավ։
ՓԱՍՏ
Յան Կոլլերը Չեխիայի հավաքականի հավերժ ռմբարկուն է։ 55 գոլ․․․։ Առաջիկա տարիներին դժվար թե որևէ մեկը շրջանցի նրան։ Հիշյալ Պատրիկ Շիկն առայժմ ընդամենը 18 գոլ ունի իր անվան դիմաց:
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Թոմաշ Սոուչեկը թիմի ավագն է։ Չնայած իր խոր դիրքին՝ դարձավ ամենաարդյունավետ չեխը ԵՎՐՈ-ի որակավորման փուլում (3+1): Կարևոր է և՛ խաղադաշտում, և՛ դրանից դուրս:
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիան հաղթեց Հայաստանի հետ միևնույն խումբը՝ 1 միավորով առաջ անցնելով Խորվաթիայից և 5 միավորով` Ուելսից: Թուրքիան երեք անգամ միավորներ կորցրեց` այդ թվում և Հայաստանի հետ տնային խաղում՝ 1-1։ ԵՎՐՈ-ի ընտրական փուլի ավարտից 3 տուր առաջ հանկարծակի մարզիչ փոխվեց, ու պատկերացրեք՝ աշխատեց:
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Չաքըր — Քադիօղլու, Աքայդին, Բարդաքչի, Օզքաջար — Յուքսեք, Չալհանօղլու, Օզջան — Քահվեջի, Յըլմազ, Աքթուրքօղլու.
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ
Նոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան մեկնարկեց 4 անպարտելի խաղով՝ խորվաթների և գերմանացիների նկատմամբ հաղթանակները ներառյալ, բայց մարտին անհաջողություն գրանցվեց։ Եթե հունգարացիների հետ 0-1-ը սարսափելի չէ, ապա ավստրիացիների հետ 1-6-ը դժվար է բացատրել անգամ հանդիպման ընկերական կարգավիճակով։ Համենայն դեպս, այս խաղերը վստահություն չավելացրին: Իտալացի մասնագետն արդեն հերքում է իր հրաժարականի վերաբերյալ հարցերը:
ԽԱՂԱՈՃԸ
Ակտիվ պրեսինգով հակագրոհային ֆուտբոլն օգտակար է հակառակորդների հետ, ովքեր պաշտպանությունից դուրս են գալիս կարճ փոխանցումով և բարձր պաշտպանվում: Մոնտելլան նույնիսկ մաքուր հարձակվողի կարիք չունի։ Սակայն Թուրքիան դժվարություններ ունի առաջին համարով խաղալիս: Նրանք հավանաբար ստիպված են լինելու դիրքային գրոհներով կոտրել Վրաստանի ու Չեխիայի դիմադրությունը։
ՄԱՐԶԻՉԸ
Վինչենցո Մոնտելլան Իտալիայի հավաքականի հետ նվաճեց ԵՎՐՈ-2000-ի արծաթը և որպես մարզիչ մարտավարական հեղափոխություն արեց Ա Սերիայում։ Նրա «Ֆիորենտինան» առաջինն էր Իտալիայում, որը Պեպ Գվարդիոլայի սկզբունքները հարմարեցրեց տեղի պայմաններին: Մոնտելային անվանեցին «Կատենաչոյի մարդասպան». առաջին սեզոնում ֆլորենցիները 13-րդ տեղից բարձրացան չորրորդ տեղ, երկրորդում նրանք հասան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ և գավաթի եզրափակիչ։ Հետո Մոնտելլան մարզեց «Սամպդորիան», «Միլանը», «Սևիլիան», վերադարձավ Ֆլորենցիա, իսկ 2021-ին մեկնեց Թուրքիա, որտեղ վերցրեց «Ադանա Դեմիրսպորը»։
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Հաքան Չալհանօղլուն աշխարհի լավագույն ռեջիստան է՝ ըստ Հաքան Չալհանօղլուի։ Հայտարարությունը հակասական է, բայց այն հավանության է արժանացել արտերկրում. Ա Սերիան Հաքանին ճանաչել է առաջնության լավագույն կիսապաշտպան: Եվ դրա հետ վիճելը շատ ավելի դժվար է։ Իսկ 2024 թվականին Չալհանօղլուն հասավ իր երազանքին՝ նվաճեց Սկուդետտոն: Եկել է ազգային թիմի հետ աղմուկ հանելու ժամանակը:
Ռոբերտ Գասպարյան