Աու, ո՞վ կա այստեղ…
Լռություն «Կամպ Նոու», «Էնֆիլդ Ռոադ», «Ալյանս Արենա», «Սանտյագո Բերնաբեու», «Օլդ Թրաֆորդ», «Էթիհադ Սթեդիում» եւ մյուս մեծ ու փոքր մարզադաշտերում: Ձեզ հաջողվե՞լ է գեթ մեկ անգամ «լսել» այդ լռությունը: Կարծես, այդ մեծ «ափսեներում» քեզ «ափսեի մեջ չես զգում»: Հենց այս պահին, Եվրոպայի փակ սահմանների պարագայում, հնարավորություն ունենք, լավագույն դեպքում, այցելելու միայն մեր ստադիոնները: Լքված «Հրազդան» մարզադաշտում այդ լռությունն արդեն տարիներ է շարունակվում, իսկ «Հանրապետական» մարզադաշտն էլ երբեմն է բավարար դեցիբելերի շեմին հասնող աղմուկով լցվում. միայն ազգային հավաքականի խաղերին կամ հայկական ակումբների մասնակցությամբ եվրագավաթային հանդիպումներին: Գուցե՞ մեր հայ ֆուտբոլիստներին և հայկական ակումբների լեգիոներներին, մարզիչներին, աշխատակիցներին այս ամենով չես զարմացնի, սակայն եվրոպական երկրների՝ հատկապես ֆուտբոլն իրենց մոտ ինդուստրիալ մակարդակի հասցրածների համար դա առնվազն տարօրինակ իրավիճակ է: …COVID-19-ն է լռեցրել, վստահ ենք՝ ժամանակավորապես:

Մրցակցային Լա Լիգա, Բունդեսլիգա և Սերիա Ա. Պրեմիեր Լիգան՝ «Լիվերպուլի» գերիշխանությամբ
Ֆուտբոլի կալորիականությունը Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում ու շատ այլ երկրներում գերբարձր է՝ նրանք ապրում և շնչում են այդ մարզաձևով: Հիշենք, թե ինչպես էր եվրոպական 2019-2020 մրցաշրջանը մեկնարկում: Ինտրիգները, որոնք սնուցվել էին ամառային տրանսֆերային պատուհանով, արդարացնում էին իրենց խաղադաշտերում տեղի ունեցածով: «Լիվերպուլը» ժամանակակից գերարագ, կարմիր գնացքի պես նախորդ մրցաշրջանից սկսած սլանում էր ու սլանում է առաջ: Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» փոքր-ինչ թուլացրել-դանդաղեցրել էր իր ընթացքը. դա Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Իսկ իսպանական Պրեմիերայում Զիդանի «Ռեալն» անհաշտ ու ուս-ուսի պայքարի մեջ էր մտել «Բարսայի» հետ՝ չհաշված իրենց ցուցադրած, երբեմն անկայուն արդյունքներով շարքերը: Իտալիայում ու Գերմանիայում տեղացի բազմամյա հեգեմոններին՝ «Յուվենտուսին» և «Բավարիային» լուրջ մրցակցություն էր այս մրցաշրջանում բաժին ընկել: Եվ, ընդհանրապես, մրցակցային մակարդակն այս մրցաշրջանում բավական գովելի դիրքերում էր հենց մեկնարկից: Միայն թե աշնան վերջին օրերից սկսած ինտրիգը վախճանին էր մոտեցել Անգլիայում: Շաբաթ առ շաբաթ Պեպը Կլոպից միավորների տարբերությունն էր մեծացնում:

Հայկական ակումբները լավ էին մեկնարկել
Ի դեպ, եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման փուլերում գրեթե հաջողել էին հայկական ակումբները: Եվ, այո, նաեւ հայկական ակումբային ընդհանուր վարկանիշի աճն էլ օգոստոսին աննախադեպ էր: Հենց այդ ժամանակահատվածում ՈւԵՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր 2,750 միավորով 18-րդն էր Եվրոպայում՝ ուղիղ Իտալիայի (17-րդ) եւ Ֆրանսիայի (19-րդ) միջև: Իհարկե, այդ երկրների ակումբներից միայն մեկական կամ երկուական ներկայացուցիչներն էին այդ ամսին ներգրավվել համաեվրոպական ակումբային մրցաշարերից մեկում՝ Եվրոպա Լիգայի որակավորման փուլում: Համենայնդեպս, հայ երկրպագուի համար այդ ամիս սիրտը շոյող պատկեր էր բացվում ՈւԵՖԱ-ի կայքի այն հատվածում, որտեղ վարկանիշային ընթացիկ աղյուսակներն էին:

Եվրոպական ֆուտբոլը կանգ է առել
Այժմ «Ֆուտբոլն առանց սահմանների» կարգախոսի օրերը չեն: Ֆուտբոլը լռել է: Այդ կրքերի կարոտն է մեզ տանջում: Սակայն գիտենք, որ ֆուտբոլային կրքերի բացակայությունը մեր կյանքում այժմ լավատեսությունը չի կոտրի: Մեր սրտերը վառ են, մենք սպասում ենք, կանխատեսում, վերլուծում մինչ այս տեսածը: Մենք սպասում ենք մրցաշրջան 2019/2020-ի ավարտին ու «Ալե, ալե, ալե» բացականչություններին: Գիտենք՝ ֆուտբոլը երկար չի լռի…
Դավիթ Աղաբեկյան