Կորոնավիրոսով վարակվելու դեպքեր են գրանցվել այս պահի դրությամբ 146 երկրում, և վարակվածների թվում են նաև ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։ Առաջարկում ենք ծանոթանալ վերջին շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերին՝ բլից տարբերակով։

«Վալենսիայի» արգենտինացի պաշտպան Էզեկիել Գարայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Այս մասին 33-ամյա ֆուտբոլիստը գրառում է կատարել Instagram-ի իր էջում:

Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել նաև Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ: Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել Արտետայի հետ, մեկուսացվել են:

Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ Իտալիայի հավաքականի և իր թիմի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

«Ֆիորենտինայի» տեղեկացմամբ ակումբի ևս երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով: Վարակվածների թվում են հարձակվող Պատրիկ Կուտրոնեն և պաշտպան Հերման Պիցցելիան: Նաև վարակվել է ակումբի ֆիզիոթերապևտ Ստեֆանո Դայնելին: Երեքի վիճակը ներկա պահին գնահատվում է նորմալ: Ավելի վաղ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներից կորոնավիրուսով էր վարակվել հարձակվող Դուշան Վլահովիչը:

Իտալական «Սամպդորիայի» լեհ կիսապաշտպան Բարտոշ Բերեժինսկին ևս վարակվել է կորոնավիրուսով: Բերեժինսկին թիմի 7-րդ խաղացողն է, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Նախկինում հաղորդվել էր, որ թիմից վարակակիր են դարձել Դեպաոլին, Գաբիադինին, Կոլին, Էկդալը, Տորսբյուն ու Լա Գումինան:

Գերմանական «Նյուրնբերգի» ֆուտբոլիստներից ևս մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, տեղեկացնում է Sport.de-ն: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը բուժզննում է անցկացրել խաղացողների և ակումբի անձնակազմի շրջանում, որի ընթացքում Ֆաբիան Նյուրնբերգերի թեստը դրական արդյունք է ցույց տվել:

«Ալավեսի» երկու աշխատակցի COVID-19-ի նոր կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նշվում է, որ նրանք մարզական և տեխնիկական բաժնի անդամներ են: Երկուսն էլ այժմ գտնվում են լավ վիճակում:

«Պադերբորնի» պաշտպան Լուկա Կիլիանը վարակվել է կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը նախօրեին անցել է թեստ կորոնավիրուսի համար, որը դրական է եղել:

Լիգա 2-ում հանդես եկող «Տրոյա» ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի խաղացողի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Ակումբը չի հրապարակել վարակված ֆուտբոլիստի անունը։

«Ֆլամենգոյի» փոխնախագահ Մաուրիսիո Գոմես դե Մատոսի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է Globoesporte-ը: Նշվում է, որ դե Մատոսը ակումբի ղեկավար Ռոդոլֆո Լանդիմի հետ միասին հանդիպել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

«Հանովերի» պաշտպան Տիմո Հուբերսը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Այս պահի դրությամբ խաղացողը տանը գտնվում է կարանտինում:

Հունական «Օլիմպիակոսի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ակումբի սեփականատերը հայտնել է ինստագրամի իր էջում:

Իտալական Սերիա C-ի (երրորդ դիվիզիոն) «Պիանեզե» ակումբը հայտնել է , որ թիմի երեք խաղացող և մեկ աշխատող վարակվել են կորոնավիրուսով: Հայտարարության մեջ ասվում է, որ մեկ ֆուտբոլիստ հոսպիտալացվել է Սիենայի հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունք, մյուս երկուսը տանը կարանտինում են:

«Վալենսիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու հինգ դեպք: Ներկայումս ամբողջ ակումբը գտնվում է կարանտինում:

Իսպանական «Էլչեի» հարձակվող Ժոնատասի՝ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։ Ակումբի պաշտոնական Twitter-ի էջը հաստատել է տեղեկությունը։ «Էլչեում» կարանտին է հայտարարվել։

«Վալենսիայի» պաշտպան Էլյակիմ Մանգալան ասել, որ վարակված է կորոնավիրուսով: Այդ մասին գրել է ֆուտբոլիստը իր twitter-ում:
