Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր՝ հուլիսի 1-ին, մրցապայքարի են դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ թեքբոլիստներ Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը, որոնք հանդես են եկել տղամարդկանց զուգախաղում ու հաղթահարելով խմբային փուլը՝ դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Տղաներն ընդգրկվել էին C խմբում, որտեղ մրցել են Սլովակիայի և Ռումինիայի ներկայացուցիչների հետ: Սլովակների նկատմամբ տարած 2-0 հաշվով վստահ հաղթանակից հետո Գոռն ու Ռաֆայելը, մրցելով Ռումինիայի թիմի դեմ, գրեթե հավասար խաղում, պայքարեցին մինչև վերջ, սակայն մրցավարական կողմնակալության պայմաններում՝ 1-2 հաշվով բաց թողեցին հաղթանակը: Ի դեպ, Ռումինիայի թիմի կազմում հանդես է գալիս աշխարհի գործող չեմպիոն Ապոր Գյորգիդեկը:
Արդյունքում, Հայաստանի ներկայացուցիչները լավագույն երկրորդ տեղով դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպեցին զուգախաղում աշխարհի գործող չեմպիոններ, սերբ Բոգդան Մարոյևիչին ու Նիկոլա Միտրոյին: Այս խաղում արդեն ուժեղ գտնվեցին սերբերը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում՝ նվաճելով 3 մեդալ՝ մեկ արծաթե ու երկու բրոնզե:
Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը: