Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի թեքբոլի թիմի գլխավոր մարզիչ, թիմի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է հայ մարզիկների՝ Քրիստինե Մանգասարյանի ու Ռաֆայել Վարդանյանի մրցելույթը: Հիշեցնենք՝ խմբային փուլում տարած երկու գեղեցիկ հաղթանակներից հետո նրանք քառորդ եզրափակչում զիջեցին Չեխիայի ներկայացուցիչներին ու լքեցին պայքարը:
«Սա Քրիստինեի ու Ռաֆայելի լավագույն արդյունքն էր. Եվրոպական խաղերից առաջ նրանք որակավորման մրցաշարերի էին մասնակցել ու ենթախումբն անգամ չէին կարողացել հաղթահարել: Լավ էին պատրաստվել, վիճակահանությունն էլ մեր օգտին էր, այնպես որ սպասում էինք , որ քառորդ եզրափակիչ դուրս կգանք: 1/4 եզրափակչում արդեն թույլ մրցակիցներ չկան, շանսերն էլ 50/50 էին. այդպես էլ խաղը գնաց: Առաջին սեթում ստացվեց հաղթել, իսկ երկրորդ սեթում մրցակիցն արդեն հարմարվեց մեր խաղաոճին: Չեխ տղան ոտքով շատ լավ հարվածի էր տիրապետում վերևից, ինչն անհասանելի էր հետ բերելու ու գնդակը խաղի մեջ պահելու համար: Մինչև վերջ էլ այդ հնարքն օգտագործեցին ու հաղթեցին: Կարելի է ասել՝ չկարողացանք հակախաղ գտնել,թեև միավորների տարբերությունն ընթացքում այդքան էլ մեծ չէր, փորձում էինք պայքարել: Ռաֆայելի ու Քրիստինայի դեպքում սա լավ արդյունք եմ համարում: Կարծում եմ՝ սրանից ավելին անել դժվար կլիներ»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:
Հայ թեքբոլիստները Եվրոպական խաղերին մասնակցելու իրավունք ստանալու համար որակավորման երեք մրցաշարի են մասնակցել Իսպանիայում, Չեռնոգորիայում և Մակեդոնիայում: Բացի Քրիստինեից, Ռաֆայելից և Գոռից՝ Հայաստանի թիմի կազմում որակավորման մրցաշարերին մասնակցել են նաև Տիգրան Վարդանյանն ու Գեղամ Սիմոնյանը: Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ սա թիմային աշխատանքի արդյունք է:
«Թեքբոլն առաջին անգամ է ընդգրկվել Եվրոպական ամառային խաղերի ծրագրում, բայց որակավորման 4 շատ խիստ մրցաշարեր անցկացրին: Բոլոր մարզիկները գոնե պետք է դրանցից երեքին մասնակցած ու լավ արդյունքներ գրանցած լինեին: Մենք մեծ կազմով մասնակցեցինք երեք մրցաշարի, Տիգրանն ու Գեղամն էլ իրենց վաստակած միավորներով նպաստեցին մեր վարկանիշին: Սա թիմային մեծ աշխատանք է եղել՝ Թեքբոլի ֆեդերացիայի, մարզիչների, մարզիկների, Օլիմպիական կոմիտեի ու մեր գործընկեր կազմակերպություններից կողմից»,- ընդգծում է Հովհաննես Գաբրիելյանը:
Վաղը՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս կգան Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը, որոնք հանդես կգան թիմային միքսում: Հովհաննես Գաբրիելյանի գնահատմամբ՝ Գոռից ու Ռաֆայելից սպասելիքները մեծ են:
«Վաղը շատ ավելի դժվար ենթախմբում ենք հայտնվել Ռումինիայի ու Սլովակիայի ներկայացուցիչների հետ: Ռումինական զույգի կազմում հանդես է գալիս Ապոր Գյորգիդեկը, որը 2021 թվականի աշխարհի չեմպիոնն է, իսկ այս Եվրոպական խաղերի անհատական պայքարում արդեն իսկ նվաճել է չեմպիոնի կոչումը: Յուրաքանչյուր ենթախմբից քառորդ եզրափակիչ է դուրս գալու մեկ թիմ, ինչպես նաև լավագույն երկրորդ արդյունքը ցույց տված երկու թիմ: Պետք է փորձենք ամեն ինչ անել պայքարելու ու հաղթելու համար: Գոռն ու Ռաֆայելն ունակ են դրան: Վերջին՝ Մադրիդի մրցաշարում նրանք հասել են մինչև քառորդ եզրափակիչ»,- եզրափակում է Հովհաննես Գաբրիելյանը:
Հիշեցնենք՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում պայքարում են մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը 57 մարզիկ է ներկայացրել` 9 մարզաձևում: