Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում այսօր` մարտի 5-ին, կայացել են վերջին 3 հանդիպումները:
Նախորդ տուրի արդյունքներով առաջատարը դիրքերը զիջած «Վեստ Արմենիան» այս տուրում Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Փյունիկ-2»-ին և 4:2 հաշվով վստահ հաղթանակ տանելով` բարձրացել առաջին հորիզոնականը:
«Վեստ Արմենիայի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Սերգեյ Օրլովը, մեկ գոլ էլ իր ակտիվում գրանցել է Ռոման Ջիկյաևը:
Այս հաղթանակից հետո «Վեստ Արմենիան» 49 միավորով գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Լոկոմոտիվն» է 48 միավորով, իսկ «Փյունիկ-2»-ը շարունակում է 14-րդ հորիզոնականը զբաղեցնել` իր ակտիվում ունենալով 15 միավոր:

Տուրի մյուս խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս մրցել է «Դիլիջանի» հետ և 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:
Առաջին խաղակեսի հենց սկզբնամասում «Ուրարտու-2»-ի պաշտպան Արսեն Եղիազարյանը կարողացել էառաջ մղել իր թիմին: Շատ չանցած՝ «Դիլիջանին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը: Տանտերերի կազմում հանդիպման 17-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Բոգդան Ռյաբեցը:
Երկու թիմերն էլ շարունակաբար գոլային բազմաթիվ պահեր են ունեցել: 29-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը կրկին հաշվի մեջ առաջ է անցել: Այս անգամ աչքի է ընկել Էրիկ Պետրոսյանը: Այսպիսով, առաջին խաղակեսն ավարտվել է հյուրերի օգտին՝ 2-1 հաշվով:
Երկրորդ խաղակեսն էլ բավական ակտիվ պայքարում է ընթացել: «Ուրարտու-2»-ի կազմում դուբլ է ձևակերպել Գևորգ Տարախչյանը: Նախ, 63-րդ րոպեին նա հիանալի հարվածով հաշիվը դարձրել է 3-1, խաղավարտից 8 րոպե առաջ էլ կարողացել է երկրորդ անգամ աչքի ընկնել:
Հանդիպման վերջին րոպեին էլ «Ուրարտու-2»-ի տղաները խփել են 5-րդ գնդակը: Գոլի հեղինակ է դարձել Աբրահամ Պորտուգալյանը:

Այսօր կայացած մյուս խաղում «Ալաշկերտ-2»-ն ընդունել է «Լեռնային Արցախ» թիմին և ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Ի դեպ, երկրորդ խաղակեսում Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմը մնացել է 10 ֆուտբոլիստով, ինչից հետո կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ` Ախմեդ Ջինդոյանի գոլի շնորհիվ:
Այդուհանդերձ, «Ալաշկերտը» չի կարողացել պահել հաղթական հաշիվը` գոլ բաց թողնելով վերջնամասում:
Առաջին խմբի առաջնության 19 տուրից հետո ալաշկերտցիները վաստակել են 34 միավոր, իսկ «Լեռնային Արցախը» 18 միավոր ունի իր ակտիվում:

Նշենք երեկ` մարտի 4-ին, Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի ևս 5 հանդիպումն է կայացել:
ԲԿՄԱ-ն Վաղարշապատի ակադեմիայում ընդունել է «Արագածին» և 6:1 հաշվով հաղթանակ է տարել:
«Վանը» Չարենցավանում ընդունել է «Արարատ-2»-ին և 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Նորամուտի խաղում դուբլ է ձևակերպել Էդգար Մովսեսյանը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Ուիլֆրիդ Եզան:

«Լոկոմոտիվը» հյուրընկալվել է «Տորպեդոյի» կողմից և 3:2 հաշվով հաղթանակ տարել: Հաղթող թիմի կազմում գոլեր են հեղինակել Մակսիմ Պրիադունը, Սերգեյ Դյաչուկը և Անտոն Անտոշինը:

Գոլառատ ավարտ է ունեցել նաև «Անի» և «Շիրակ-2»-ի միջև կայացած խաղը, որում տանտերերը 5:4 հաշվով հաղթանակ են տարել:
Տուրի ևս մեկ խաղում «Մասիսը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Սևանին» և ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի.
1. | Վեստ Արմենիա | 19 | 16 | 1 | 2 | 62 | 26 | 49 |
2. | Լոկոմոտիվ | 19 | 15 | 3 | 1 | 49 | 19 | 48 |
3. | Վան | 19 | 14 | 3 | 2 | 53 | 14 | 45 |
4. | Սևան | 19 | 10 | 5 | 4 | 33 | 24 | 35 |
5. | ԲԿՄԱ | 19 | 11 | 1 | 7 | 47 | 29 | 34 |
6. | Ալաշկերտ-2 | 19 | 10 | 4 | 5 | 55 | 30 | 34 |
7. | Արարատ-Արմենիա-2 | 18 | 11 | 1 | 6 | 48 | 31 | 34 |
8. | ՈՒրարտու-2 | 19 | 10 | 3 | 6 | 56 | 20 | 33 |
9. | Արարատ-2 | 19 | 7 | 3 | 9 | 38 | 38 | 24 |
10. | Տորպեդո | 19 | 7 | 0 | 12 | 30 | 59 | 21 |
11. | Արագած | 18 | 5 | 5 | 8 | 40 | 46 | 20 |
12. | Լեռնային Արցախ | 18 | 5 | 4 | 9 | 33 | 30 | 19 |
13. | Շիրակ-2 | 19 | 4 | 4 | 11 | 25 | 43 | 16 |
14. | Փյունիկ-2 | 18 | 4 | 3 | 11 | 34 | 42 | 15 |
15. | Մասիս | 18 | 2 | 3 | 13 | 24 | 63 | 9 |
16. | Անի | 19 | 2 | 2 | 15 | 16 | 69 | 8 |
17. | Դիլիջան ՖԱ | 17 | 2 | 1 | 14 | 19 | 79 | 7 |