Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցաշարի կազմակերպիչներին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կարողանում ենք նման մրցաշար կազմակերպել: Հաղթանակիս համար էլ շատ ուրախ եմ: Բարդ ու շատ հետաքրքիր գոտեմարտեր ունեցա:
Երկրպագուների աջակցությունը կարևոր դերակատարում ունեցավ իմ հաղթանակում, և առհասարակ մեր բոլորիս ելույթներում: Իրենց էներգիան փոխանցվում է մեզ: Շնորհակալ ենք աջակցության համար:
Առաջիկայում աշխարհի առաջնությունն է, որտեղ առաջնային խնդիրը լինելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելը, հետո արդեն ոսկե մեդալի համար պայքարելը: Հուսով եմ՝ ամեն բան լավ կստացվի»,- ասել է Վազգեն Թևանյանը:
Հիշեցնենք՝ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:
Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: