Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ArmSport-ի հետ զրույցում խոսել է Ստեփան Սարգսյանի Գավաթի 25-րդ խաղարկությունում հաղթող ճանաչվելու մասին:
Հանդես գալով 57 կգ քաշային կարգում՝ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի նկատմամբ:
«Առաջին անգամ եմ կարողանում հաղթել Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում: Մասնակցել էի նաև 2019 թվականի խաղարկությանը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Սա ինձ համար շատ կարևոր մրցաշար էր, փոխել էի քաշային կարգս ու պետք է ապացուցեի, որ քաշային կարգը կարևոր չէ. կարևոր է հոգին, սիրտը ու մեծ ցանկությունը:
Ինձ հիանալի էի զգում այս քաշային կարգում: Շատ հանգիստ: Ամեն ինչ լավ էր: Հաջորդն աշխարհի առաջնությունն է լինելու. հուսով եմ՝ ամեն ինչ ինձ մոտ նորից լավ կստացվի», ասել է Արսեն Հարությունյանը:
Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:
Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: