«Կալյարին» իր պաշտոնական կայքում հայտարարել է Ռոլանդո Մարանի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Մասնագետի հետ ակումբից հեռացել են նաև նրա օգնականները:
Մարանը 2018 թվականից էր գլխավորում «Կալյարին», իսկ ավելի վաղ մարզել է «Բրեշիան», «Բարին», «Կատանիան», «Կյևոն» և մի շարք այլ իտալական թիմեր:
Նրա գլխավորությամբ «Կալյարին» մրցաշրջանի մեկնարկային 15 տուրում միայն երկու պարտություն էր կրել և մոտ էր Չեմպիոնների լիգայի գոտուն, սակայն հետո իրավիճակը փոխվեց:
Ազգային առաջնությունում վերջին հաղթանակը «Կալյարին» տարել է 2019 թվականի դեկտեմբերի սկզբին, իսկ վերջին երեք խաղում բացառապես պարտվել է: Մորանի գլխավորությամբ վերջին խաղում «Կալյարին», հիշեցնենք, զիջեց «Ռոմային». Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Կալյարին», Ա Սերիայի 25 տուրից հետո վաստակելով 32 միավոր, մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Եվրագավաթային գոտուց թիմին 7 միավոր է բաժանում, իսկ վտանգավոր գոտուց` 10: