Independent Turkish-ի թուրք լրագրող Ալփեր Բուդկան խոսել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին Թուրքիայում ընդունելու, ինչպես նաև «Գալաթասարայի» կողմից նրան գնելու փորձերի մասին։
«Երեք ամիս առաջ թուրքերը նրա մասին ոչինչ չգիտեին։ Զախարյանին մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է այդպիսին դառնալ ապագայում։ Թուրքական լրատվամիջոցների վերլուծությունների համաձայն՝ Արսենը բավականին բազմակողմանի ու տեխնիկական խաղացող է:
Ճիշտ է, «Գալաթասարայը» փորձել է գնել Զախարյանին։ Բայց, ինչպես նշում են ակումբին մոտ կանգնած լրագրողները, նրա հայրը չի ցանկացել, որ որդին գնա Թուրքիա՝ վախենալով հայ հասարակության արձագանքից։ Թե որքանով է դա ճիշտ, մենք հստակ չգիտենք: Այժմ «Գալաթասարայում» փոխարինող չունեն Սերժիո Օլիվեյրային, այդ իսկ պատճառով նրանց պետք էր իր որակներն ունեցող խաղացող: Այսինքն՝ ֆուտբոլիստ, ով կարող է խաղալ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում և թե՛ կիսապաշտպանությունում»,- ասել է Բուդկան Чемпионат-ին տված հարցազրույցում։