Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկի նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո առաջին անգամ լրագրողների հետ զրույցում խոսել է իր որոշման մասին:
Ռոնալդուի պայմանագիրը «Յունայթեդի» հետ խզվել է Պիրս Մորգանի հետ ունեցած վիճահարույց հարցազրույցից հետո, որտեղ նա քննադատել է նախկին ակումբին։ Ֆուտբոլիստը միացել է «Ալ-Նասրին» այս տարվա սկզբին՝ տարեկան մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձով:
«Երբեմն պետք է ինչ-որ բաների միջով անցնել՝ տեսնելու համար, թե ով է քո կողմից: Ես ափսոսելու ժամանակ չունեմ: Կյանքը շարունակվում է, և լավ թե վատ, դա եղել է իմ կարիերայի մի մասը: Երբ լեռան գագաթին ես, հաճախ չես նկատում, թե ինչ է ներքևում։ Հիմա ես ավելի պատրաստված եմ և գիտեմ, թե ինչն էր իսկապես կարևոր։ Երբեք չեմ անցել այն ամենի միջով, ինչի միջով անցել եմ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
Խոսակցություններ կային, որ Ռոնալդուն կավարտի միջազգային կարիերան Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո, սակայն Ռոբերտո Մարտինեսի հայտնվելը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ստիպեց խաղացողին փոխել իր ծրագրերը։ Պորտուգալիան կխաղա Լիխտենշտեյնի հետ հինգշաբթի օրը՝ մարտի 23-ին, ՈւԵՖԱ-ի Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին խաղում, իսկ մարտի 26-ին կհանդիպի Լյուքսեմբուրգին: