Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս մրցել է «Ցյուրիխի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել։
16-րդ րոպեին լոնդոնցիների կազմում հաշիվը բացել է Մարկինյոսը, 44-րդ րոպեին «Ցյուրիխը» 11-մետրանոցի իրավունք է վաստակել, որն անվրեպ է իրացրել պաշտպան Միրլինդ Կրիեզիուն։ Երկրորդ կեսում, սակայն, Էդի Նկետիան ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Արսենալը» 3 միավոր է վաստակել և A խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ «Ցյուրիխը» վերջին տեղում է։
Օրվա մյուս խաղում «Ռոման» Բուլղարիայում մրցել է «Լուդոգորեցի» հետ և 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրել։
С խմբի խաղը կայացել է Ռազգրադ քաղաքում։ Բուլղարական թիմի կազմում գոլեր են հեղինակել Կաուլի Սոուզան (72′) և Նոնատոն (88՛)։ «Ռոմայի» կազմում էլ մեկ գոլ ետ է բերել Էլդոր Շոմուրոդովը՝ 86-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը։
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում «Բետիսը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է ՀԻԿ-ին, «ՊՍՎ Էյնդհովենը» 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ, «Ռեննը» 2-1 հաշվով առավելության է հասել «Լառնակայի» նկատմամբ, «Ֆեներբահչեն» 2-1 հաշվով հաղթել է Կիևի «Դինամոյին», «Բրագան» 2-0 հաշվով ուժեղ է գտնվել «Մալմյոյից», իսկ գերմանական «Ունիոնիոնը» նվազագույն հաշվով զիջել է բելգիական «Յունիոնին»։