«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ կարոտում է այն էմոցիաները, որոնք ապրել է լոնդոնյան ակումբում աշխատելու ընթացքում:
Վենգերը գլխավորել է «Արսենալը» 1996-2018 թվականներին։ Թիմից հեռանալուց հետո 72-ամյա ֆրանսիացի մասնագետը ոչ մի այլ թիմ չի մարզել։
«Իհարկե, մի քիչ տխուր է։ Սա կրքի վերջն է, բայց ոչ սիրո: Ես դեռ սիրում եմ «Արսենալը», սիրում եմ Պրեմիեր լիգան։ Ես դեռ հանդիպումներ եմ դիտում, ոչինչ չի փոխվել։ Բայց դու այլևս դրա մի մասնիկը չես, ինչպես նախկինում: Հետևաբար, դա շատ դժվար է:
Քառասուն տարվա աշխատանք, ոչ մի տարի հանգիստ, այնպես որ, իհարկե, դժվար է, երբ քեզ պակասում է լարվածությունը, խիտ գրաֆիկը, հիանալի պահերը և նույնիսկ պարտությունները: Ֆիզիոլոգիայի տեսանկյունից մեկ ակումբում 22 տարի աշխատելը սովորական կյանքում 100 տարի է։ Բնականաբար, դու կարոտում ես դա»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։