Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, Անգլիայում մեկնարկում է կանանց Եվրո 2022-ի եզրափակիչ փուլը։ Մրցաշարը կմեկնարկի Անգլիա-Ավստրիա հանդիպումով։
Մրցաշարին կմասնակցի 16 թիմ։ Եզրափակիչ փուլում տանտերերի կարգավիճակով հանդես կգա Անգլիան։ Եվս 12 թիմ ընտրվել է որակավորման փուլով, որն ավարտվել է 2021 թվականի փետրվարին։ Մնացած երեք տեղերը խաղարկվել են փլեյ-օֆֆում: Նշենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս մնաց մրցաշարից, նրա տեղը զբաղեցրեց Պորտուգալիան։
A խումբ՝ Անգլիա (տանտեր), Ավստրիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա
B խումբ՝ Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Ֆինլանդիա
C խումբ՝ Նիդեռլանդներ (չեմպիոն), Շվեդիա, Պորտուգալիա, Շվեյցարիա
D խումբ՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Իսլանդիա
Խմբային փուլում կմրցեն չորս քառյակների բաժանված 16 թիմեր։ Մրցաշարի այս փուլի արդյունքներով յուրաքանչյուր խմբից փլեյ-օֆֆ դուրս կգան երկու լավագույն թիմերը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Նիդեռլանդների հավաքականն է։
Մրցաշարը կավարտվի հուլիսի 31-ին։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։