ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբներին՝ քննարկելով մարզաձևում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ամփոփելով ոլորտի մասնագետների հետ հանդիպումը՝ Կարեն Գիլոյանն ArmSport-ի հետ զրույցում նշել է՝ քննարկվել են հուզող բոլոր հարցերը, որոնց մեծ մասն արդեն իսկ լուծում է ստացել:
«Որևէ անհասկանալի բան այլևս չի մնացել: Այո, կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, բայց դրանք նույնպես լուծման վերջին փուլում են: Մնում է միայն ֆինանսների ավելացման խնդիրը, որովհետև եթե մենք գնում ենք դեպի օլիմպիական խաղեր՝ մեդալների ակնկալիքով, պետք է պատրաստ լինենք նաև գումար ծախսել»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ վիտամինների ձեռքերման գործընթացն ավարտված է. «12 մլն դրամ է հատկացվել դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար: Իրենք երբևէ սրան մոտ գումար անգամ չեն ստացել: Ծանրորդներն, օրինակ, վաղուց ստացել են այս ամենն ու օգտագործում են: Իրենք էլ պետք է գործընթաց իրականացնեն: Մնում է միայն գնալ դեղատուն և գնել: Գումարը կա, ձևը մշակված է: Պիտի բժիշկները լրացնեն, թե որ մարզիկին կոնկրետ ինչ է պետք, իրենք էլ գնան վերցնեն: Վերջ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ըմբիշների մարզահագուստի խնդրին. «Այնպես չէ, որ ըմբիշները մարզահագուստ չեն ստացել: Ստացել են, բայց ֆեդերացիայի կողմից, իսկ պետական մարզահագուստը չեն ստացել, քանի որ պետությունը հայտարարել է՝ անորակ հագուստ այլևս չի լինելու: Որակյալ հագուստի ձեռքբերման համար էլ պետք է որոշակի փուլ անցնեինք, նորմալ տենդեր կազմակերպեինք, որպեսզի կարողանայինք որակյալ, բարձր որակի հագուստ ունենալ: Փառք Աստծո, տենդերը կայացել է, հագուստը ձեռք է բերվել: Ճանապարհին է, գալիս է: Շուտով կբաժանենք»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում, բայց Կարեն Գիլոյանն ասում է՝ նախորդ տարեվերջին էլ իրենք 90 մլն դրամ ավելացրել են, որպեսզի ապահովեն մրցումներին անխափան մասնակցությունը. «Այս տարի էլ, երբ կսպառվի այդ բյուջեն, կառավարության որոշում կունենանք և կտանք այնքան գումար, որ կարողանան նորմալ ուսումնամարզական հավաքներ անցկացնել և մրցումների մասնակցել: Հասկանում ենք՝ օլիմպիական խաղերը սարերի հետևում չեն»:
Ըմբիշները նաև հայտարարել էին, թե իրենք 4 ամիս է աշխատավարձ չեն ստանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, ըստ կանոնակարգի՝ մարզիկները տարվա սկզբից գումար ստանում են նախորդ տարվա արդյունքների համար։ Այն մարզիկները, որոնք գումար չեն ստացել, 2021 թվականին արդյունք ցույց չեն տվել։ Ովքեր այս տարի արդյունք են ցույց տվել, գումար կստանան արդեն հաջորդ տարվա սկզբից. «Բոլոր նրանց, ում օրենքով սահմանված կարգով գումար է հասնում, ստացել են առանց մեկ օր ուշացման: Նա, ով ասել է, թե ինքը գումար չի ստացել, պարզապես բավարար արդյունքներ չի գրանցել նախորդ տարի»:
Նշենք՝ մարզական ֆեդերացիաներից ամենամեծ ֆինանսավորումը ստանում է հենց ըմբշամարտի ֆեդերացիան: 2022 թվականի համար այդ գումարը կազմում է 338 մլն 320 հազար դրամ: Որպես համեմատություն նշենք՝ ծանրամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը 200 մլն դրամ է կազմում: