ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի,
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել՝
Արմեն Սամվելի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ
Գառնիկ Ռուբենի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ
Կարեն Լավուրիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ
Արշակ Գյորգիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ
Կարեն Ռաֆիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Երևան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ:
Գյումրեցի մասնագետ Արմեն Մկրտչյանը մեծահասակների ծանրամարտի 2019թ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Մ23 տարեկանների 2019թ Եվրոպայի չեմպիոն, 2014թ ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի անձնական մարզիչն է:

Արարատցի մասնագետ Գառնիկ Ալեքսանյանը գերծանր քաշային ծանրորդ, մեծահասակների 2019թ աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների 2010թ աշխարհի չեմպոին, մեծահասակների 2010թ և 2014թ Եվրոպայի փոխչեմպիոն, երիտասադրների Մ23 2009թ Եվրոպայի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչն է:

Արշակ Հայրապետյանը ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչն է: Նա նաև մեծահասակների 2019թ Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում երիտասարդների 2018 թ. Եվրոպայի չեմպիոն և նույն տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի անձնական մարզիչն է:

Երևանցի ճանաչված մարզիչ Կարեն Բաղդասարյանն էլ համաշխարահային ունիվերսիադիաների կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է:

Իսկ գյումրեցի մասնագետ Կարեն Կարապետյանը երիտասարդների 2019թ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանի և Մ15 2019թ Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգի փոխչեմպիոն Ալեքսանդր Լազարյանի անձնական մարզիչն է:
