«Բարսելոնան» մերժել է հնդկական ֆիրմայի, կրիպտոարժույթի բորսայի և Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի հովանավորչական մի քանի առաջարկներ, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն, չնայած ֆինանսական ծանր վիճակին, կատալոնական ակումբը պոտենցիալ հովանավորչական գործարքների հետ կապված բազմաթիվ չափանիշներ ունի։
«Բարսան» արդեն ստացել է տիտղոսային հովանավորչության առաջարկ հնդկական առցանց կրթական ընկերությունից: Կատալոնական ակումբին առաջարկվել է 58 միլիոն եվրո և բոնուսներ։ Այս առաջարկը դուր է եկել ակումբի նախագահ Ժոան Լապորտային, սակայն մերժվել է ղեկավարության և տնօրենների խորհրդի մյուս անդամների կողմից։
Կրիպտոարժույթների վաճառքի հետ կապված ընկերությունն առաջարկել է 70 միլիոն եվրո և բոնուսներ: Սակայն ակումբի ղեկավարությունը մերժումը հիմնավորել է նրանով, որ կրիպտոարժույթները լիովին հասկանալի շուկա չեն:
Մերժվել է նաև Սաուդյան Արաբիայի կառավարությանը պատկանող ներդրումային հիմնադրամի տարեկան 100 մլն եվրոյի առաջարկը։