Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանն այսօր Էջմիածնում էր՝ հետևելու «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարին․ ArmSport-ի թղթակցի հետ զրույցում Աղասյանը կարևորեց նման մրցաշարերի անցկացումը․
«Կարծում եմ՝ նման մրցաշարերը պետք է լինեն ավելի հաճախ, նախ հենց աթլետիկայի, ապա նաև մասսայական սպորտի զարգացման համար։
Չեմ կարող ասել՝ ինչպիսի մրցակցություն կլինի, քանի որ բոլոր մասնակիցներին չեմ ճանաչում, բայց այո գիտեմ, որ մարզված տղաներ էլ են մասնակցելու մրցաշարին (Լևոն Աղասյանի հետ զրուցել ենք կրոսավազքի մրցաշարի մեկնարկից առաջ)։ Այստեղ տեսա մարզիկների, ովքեր արդեն թողել են սպորտը, հետևաբար չեն համարվում պրոֆեսիոնալ։

Ինձ համար, ու առհասարակ կարծում եմ՝ բոլորի համար ավելի լավ կլինի, որ ցանկացած նման մրցում դիտարկեն որպես տոն։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի տեսնեմ, թե մարդիկ ինչպես են վազում, մրցում իրար հետ․ դա ինձ համար շատ հաճելի և հետաքրքիր է»։
Խոսելով տարեց մասնակիցների մասին՝ Աղասյանը նշեց, որ նրանց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի․
«Նրանք շատ մեծ աշխատանք են կատարում իրենց տարիքի համար։ Նրանց տեսնելով՝ անընդհատ քաջալերում եմ, ասում եմ՝ ապրեք, որ մասնակցում եք։ Նրանք ակամայից նաև օրինակ են դառնում մյուսների համար, ինչը շատ գովելի է»,- իր խոսքում նշեց Լևոն Աղասյանը։
Հիշեցնենք՝ 18-35 տարեկան տղաների պայքարում «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 10 կմ մրցատարածքը հաղթահարելով մոտ 30 րոպեում։